Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի  հարեւանության եւ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական բարեփոխումների շրջանակին, անցումային արդարադատությանը եւ Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Վասիլիս Մարագոսը նշել է, որ ուրախ է նոր Կառավարության ձեւավորումից հետո կատարած այցի համար եւ հույս է հայտնել, որ նախկինում սկսված եւ նախանշվող բարեփոխումների ծրագրերը նոր թափով առաջ կընթանան:

Փոխնախարար Քոչարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը դատաիրավական ոլորտում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար եւ ընդգծել, որ այդ առումով Եվրոպական Միությունը Հայաստանի գլխավոր գործընկերից է:

Հանդիպման ընթացքում Վիգեն Քոչարյանը ներկայացրել է դատական բարեփոխումների շրջանակում նախատեսվող գործողությունների հաջորդականությաունը եւ վստահություն է հայտնել, որ նախանշված բարեփոխումների ծրագրերն ակտիվ առաջ կմղվեն:

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել հանգամանալից ներկայացման համար եւ համաձայնել, որ դատական ոլորտում կատարվող բարեփոխումները պետք է կրեն ոչ թե կոսմետիկ, այլ խորքային բնույթ եւ այդ առնչությամբ հայտնել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել եւ համաձայնեցրել են հետագա գործողությունների ժամանակացույցը: