ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը նպաստում է հանքարդյունաբերության ոլորտին քաղհասարակության մասնակցությանը․ այսօր՝ հունվարի 30-ին կայացած ՀՀ ԱՃԹՆ առաջին զեկույցի ներկայացման և համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։ Նրա խոսքով՝ եթե բացահայտվում են հանքերի սեփականատերերը, դա հնարավորություն է տալիս ոլորտը զերծ պահել քաղաքական ազդեցություն ունեցող մարդկանցից։
Հանքարդյունաբերողները, ըստ Քրմոյանի, չեն խուսափում այս համակարգից․ «Բազմաթիվ սեփականատերեր ցանկություն են հայտնել համագործակցել»։
Այս համակարգը, Քրմոյանի խոսքով՝ ևս մի քայլ է թե՛ տեղական և թե՛ օտարերկրյա ներդրողների համար ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու համար։
Քրմոյանը հավաստեց, որ այսօրինակ համակարգ ներդնելու ուղղությամբ շարունակելու են աշխատել՝ սեփականատերերի մասին տեղեկատվությունը թափանցիկ-հասանելի դարձնելով նաև այլ ոլորտներում։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն ավելի թափանցիկ եւ հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է, ինչպես նաեւ հանրային երկխոսության կայացմանը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջեւ փոխըմբռնումը:
ԱՃԹՆ-ի արժեքավոր առանձնահատկությունը որոշում ընդունող եռակողմ մարմնի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ձեւավորումն ու գործունեությունն է։ Հայաստանի ԲՇԽ առաջին կազմը ստեղծվել է 2016 թվականին, որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների եւ քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսեսուսով։
ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017 թվականի մարտի 9-ին Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Երկիրը թեկնածու անդամ դառնալուց հետո ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից սահմանված ժամկետներում պետք է հրապարակի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը։





























