Հանքարդյունաբերության ազդեցությունը բնապահպանական խնդիրների վրա մասամբ կարող է լուծվել՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) միանալով: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ ԱՃԹՆ առաջին զեկույցի ներկայացման համաժողովին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը ։
«Սա վերաբերվում է հիմնականում ֆինանսական հոսքերին։ Սա բոլոր կողմերին է հետաքրքիր, քանի որ նախկինում այն կար մասամբ, իսկ հիմա այն հասանելի կլինի առավել լայն հանրությանը»,- նշեց նա։
Ըստ նրա՝ օգտագործելով այս տեղեկատվությունը՝ համապատասխան մասնագետները պետք է դիտարկեն՝ արդյոք հանքարդյունաբերողը ներդրումները, սոցիալական, բնապահպանական պարտավորությունները կատարում է այնպես, ինչպես նշված է պայմանագրում։ «Սա նաև թույլ է տարիլ բազմաշահառու խմբերի օգնությամբ որոշումներ կայացնել»։
Ի պատասխան NEWS.am-ի այն հարցին, թե որքանով են հանքարդյունաբերման ոլորտի շահույթը համադրելի վճարված հարկերին՝ մասնագետը նշեց, որ անհամաչափությունը ակնհայտ է․ «Ընդհանուր արտահանման ծավալի մեջ սա 40-50% է կազմում, իսկ հարկերի մեջ 4%․․․ Գոնե պիտի իրար համարժեք թվեր լինեին»։





























