Նոր հարկային օրենսգրքով փորձ է արվում ուղղակի հարկերից բեռը տեղափոխել անուղղակի հարկերի վրա: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Հարկային նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը:

Նրա խոսքով, այդ դեպքում մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամուտները, որոնց թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 400 հազար է, կնվազեն, որովհետեւ նրանց եկամտային հարկը չի նվազելու, փոխարենը ավելանում են ակցիզային հարկերը եւ ապրանքների գները բարձրանում են:

Նա նշեց, որ կառավարությունը հայտարարում է, որ հարկային նման փոփոխությունների արդյունքում բարելավվելու է ներդրումային միջավայրը: «Որտեղից եք վերցրել, որ հարկային բեռը ուղղակի հարկերից անուղղակի հարկերի վրա դնելով տնտեսական բարենպաստ միջավայր կստեղծվի»,- հարց ուղղեց նա: