Օքսֆորդի համալսարանի նոր հետազոտության համաձայն՝ հնագույն մարդու գանգը, որը գտնվել էր Մոնղոլիայում եւ բուռն բանավեճեր հրահրել, իսկապես պատկանում է ժամանակակից մարդկանցից ամենահնին, որ գտնվել են այս շրջանում, փոխանցում է Naked-Science-ը: 

Ռադիոածխածնային թվագրումը եւ ԴՆԹ անալիզը ցույց են տվել, որ պլեյստոցենի դարաշրջանի միակ պեղված hominini-ն, որը նախապես կոչվել է Mongolanthropus, իրականում ժամանակակից մարդու մասունք է, որն ապրել է մոտ 34–35 հազար տարի առաջ:

Նախորդ հետազոտությունների արդյունքները նմուշների տարիքը որոշում էին բավականին անորոշ՝ վաղ պլեյստոցենից մինչեւ ուշ: Օքսֆորդի համալսարանի գիտնականները գանգը կրկնակի հետազոտել են եւ եկել այն եզրակացության, որ դրա տերը ապրել է 34 950-33 900 տարի առաջ: Սա մոտ 8 հազար տարով ավելի մեծ է նույն նմուշի համար ստացած նախնական տարիքից: