Շան պատճառով ծագած կոնֆլիկտը պատճառ է դարձել կորսիկական Բաստիա քաղաքում դանակով եւ հրազենով հարձակման: Այս մասին հայտարարել է Կորսիկայում Բաստիայի դատախազ Կարոլին Թարոն: Դատախազի հայտարարությունը մեջբերել են Franceinfo եւ AFP ռադիոկայանները:

Դատախազը հաղորդել է, որ հինգ-վեց տարի առաջ կրակոցների համար մեղավորի՝ 65-ամյա Ջոզեֆ Օրսոնիի եւ նրա հարեւաններից մեկի  միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացան այն օրվանից, երբ  Օրսոնիի շունը կծեց հարեւանի ընկերուհուն: Օրսոնին որսորդ էր, եւ նրա բնակարանում մի քանի հրացաններ կային: Նա հայտնի էր իր ագրեսիվությամբ եւ բազմիցս պատասխանատվության էր ենթարկվել տարբեր հանցագործությունների համար՝ հրազենի կիրառմամբ։ Երկու անգամ նա բանտարկվել էր՝ զենքի կիրառմամբ բռնարարքի եւ սպանելու սպառնալիքի համար:

Չորեքշաբթի, տեղական ժամանակով ժամը 16: 00-ին , դատախազի տվյալներով, Օրսոնին դանակի ծանր հարվածներ հասցրեց այն մարդուն, ում հետ նա հակադրության մեջ էր: Տուժողն ավելի ուշ մահացավ, քանի որ, ինչպես պարզվեց, նրա ազդրային զարկերակը կտրվել էր: Այնուհետեւ Օրսոնին դանակով հարձակվեց նրա ընկերուհուն, որը լուրջ վնասվածք ստացավ:

Դրանից հետո նա, զինված երկու երկփողանի հրացաններով, դուրս եկավ փողոց եւ կրակ բացեց 12 մարդկանց ուղղությամբ, ովքեր անցնում էին քաղաքի հարավում գտնվող Մոնտեզորո թաղամասով։ Հրաձգության արդյունքում, մասնավորապես, վիրավորվել է մեկ ոստիկան, որի կյանքն այժմ վտանգի տակ է։

Հանցագործն այնուհետեւ բարիկադավորվել է շենքի չորրորդ հարկի իր բնակարանում։  Շենքի տարածքն անմիջապես շուրջկալել են ոստիկանությունն ու  ժանդարմեան, որոնց շուտով միացել են Մարսելից ժամանած հակաահաբեկչական ոստիկանական հատուկ ստորաբաժանման ուժերը:

Օրվա ընթացքում ոստիկանությունը բանակցություններ է վարել նրա հետ: Այն պահին, երբ ոստիկանությունն իրականացրել է տան բնակիչներից մեկի տարհանումը, հանցագործը նորից կրակ է բացել՝ երեք կրակոց արձակելով իրավապահների ուղղությամբ: Դրանից հետո նա ինքնասպան է եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: