ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման համակարգողներն էին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային եւ տեխնիկական աջակցության ծրագրերին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում իրականացված եւ առաջիկայում նախատեսվող գործընթացներին, Հարեւանության ներդրումային գործիքի ներքո նախատեսված ծրագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին եւ 2019թ. աջակցության հնարավոր ուղղություններին առնչվող հարցեր։
Կարեւորվել է ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ընթացքը եւ շարունակականության ապահովումը, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ իրականացման ապահովումը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության հետագա խորացումը:





























