ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել իր կարեւոր եւ պատասխանատու աշխատանքում:
Նախարարը եւ դեսպանն արձանագրել են երկկողմ առեւտրի ցածր ցուցանիշները եւ պատրաստակամություն հայտնել գործադրելու դրանց բարելավմանը միտված ջանքեր:
Կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ներդրումային համաժողով անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում տեղի կունենան նաեւ գործարարների B2B ձեւաչափի հանդիպումներ, կներկայացվեն տարբեր ներդրումային ծրագրեր:
Նախարար Խաչատրյանը նշել է, որ Թունիսը արդյունաբերական գոտիների, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման գործում հաջող փորձառություն ունի, որը թունիսցի ձեռնարկատերերը կարող են կիսել հայ գործարարների հետ: Նախարարի խոսքով՝ հայ գործարարներն էլ, իրենց հերթին, կարող են առաջարկել դիտարկել իրանական, ԵՏՄ շուկաներում գործունեություն ծավալելու, համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագիր մշակելու հնարավորությանը:





























