Բիզնես Արմենիայի աջակցությամբ կազմակերպված B2B հանդիպումների ընթացքում հայաստանյան գործարարները մի շարք պայմանագրեր են կնքել եւ արդեն սկսել արտահանումներ։
Հայաստանի զարգացման հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ բանակցությունները տեղի են ունեցել «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի ընթացքում, որը ԵՏՄ խոշորագույն տնտեսական միջոցառումն է, տեղի է ունեցել 2018 թ. հոկտեմբերին։
«iPlast» ընկերությունը արտահանման նոր պայմանագիր է կնքել, համաձայն որի, մեր երկրում արտադրված բժշկական մեկանգամյա օգտագործման պարագաներ կարտահանվեն Ուկրաինա։ Առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է։ Պայմանագիրը նախատեսում է առնվազն 3 տարվա համագործակցություն, որի ընթացքում կարտահանվի շուրջ 200 000 դոլարի ապրանք։ Առաջիկայում նախատեսվում է հաջորդ խմբաքանակի առաքումը։
«Եվրասիական շաբաթի» ընթացքում արտահանման նոր պայմանագիր է կնքել նաեւ «Շառոյան-Սարյան» ընկերությունը, որի «Հալեպ» ապրանքանիշով արեւելյան քաղցրավենիքի խմբաքանակ է արտահանվել Ռուսաստան։
Արտահանման նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ տեքստիլ, սննդարդյունաբերության, դեղագործության, ճշգրիտ ճարտարագիտության, շինարարության ոլորտների մի շարք ընկերություններ։
«ԵՏՄ խոշորագույն տնտեսական միջոցառմանը մասնակցել է 100-ից ավելի ընկերություն։ Բիզնես Արմենիայի աջակցությամբ կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց արդյունքներն արդեն տեսնում ենք»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։





























