Կառավարության այսօրվա, հունվարի 31-ի նիստում որոշում կայացվեց «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն վերակազմակերպել՝ միացվելով «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միացման նպատակը երկու ընկերությունների ռեսուրսների (կադրային, ֆինանսական եւ գույքային) արդյունավետ տնօրինումն է, էներգահամակարգի ընկերությունների անվտանգ շահագործմանն ուղղված՝ աշխատանքների համակարգված եւ արդյունավետ կազմակերպումն է:

«Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2003թ. որոշման հիման վրա` որպես առանձին իրավաբանական անձ առանձնացվելով  «Հայէներգո» ՓԲԸ-ի կազմից: Ընկերությունը, որպես մասնագիտացված կազմակերպություն, իրականացնում է էլեկտրաէներգետիկ համակարգի բոլոր ընկերություններում կարգաբերման աշխատանքներ: Ընկերությունը ունի անհրաժեշտ արտադրական բազա եւ կադրային ռեսուրսներ:

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1948թ-ին՝ իր գործունեության ընթացքում կուտակելով գիտական, գործնական եւ գիտաարտադրական պոտենցիալ: