Պետությունը «Նաիրիտի» գործարանի վերագործարկման հարցը կարող է քննարկել միայն այն պարագայում, երբ կա առարկայական, հստակ հաշվարկելի ու գնահատելի ծրագիր, մենք դեռեւս այդ փուլում չենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մենք ունեցել ենք քննարկումներ այն անձանց հետ, ովքեր հանդես են գալիս վերագործարկման նախաձեռնության կողմում, իրենք ունեն տեսակետներ, բայց դրանք շատ վաղ շրջանում են, այսինքն՝ ասել, թե կա ներդրումային առաջարկ, մի քիչ շատ կլինի, բայց այն քննարկումները, որոնք իրականացվում են, գտնվում են բավականաչափ մասնագիտական հարթության վրա»,–նշեց նախարարը։

Մամուլի հրապարակումներին, թե շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք բավականին հետաքրքրված են որոշակի հարցերում, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Չինացիների մասին տեղեկացված չեմ, գիտեմ, որ իրենք նույնպես հետաքրքրություն ունեն, սակայն մանրամասներ նախարարությունում չեն քննարկվել»։

Հարցին՝ պետությունը հակվա՞ծ է «Նաիրիտի» գործարանը վերագործարկելուն, նա պատասխանեց, որ պետությունը հակված է քննարկել տնտեսության զարգացման բոլոր նախաձեռնությունները միայն այն հիմքով, երբ դրանք իրատեսական են, իսկ «Նաիրիտի» հարցը շատ զգայուն է։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք բավականին հետաքրքրված են որոշակի հարցերում։ Այդ այցը նախաձեռնել եւ չինացիներին ուղեկցում է «Նաիրիտի» նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ է։

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծված «Շանսի-Նաիրիտն» աշխատում է միայն ացետիլենային տեխնոլոգիայով, այն չի տիրապետում բութադիենային տեխնոլոգիային։

Եվ այժմ Չինաստանն ուզում է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող մի նոր գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ։ Խնդիրն այն է, որ բութադիենային տեխնոլոգիա կա Հայաստանում եւ աշխարհի ընդամենը մի քանի այլ երկրներում։ Դա գաղտնի տեխնոլոգիա է, որը Չինաստանը չունի։