ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է, որ իր խափանման միջոցի հարցը քննող դատավոր Մնացական Հարությունյանի նկատմամբ ինքնաբացարկի միջնարդություն չունի։ Այս մասին այսօր՝ հունվարի 31–ին Վերաքննիչ  քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Հարցին, թե ինչու՞  երկրորդ նախագահն առաջին ատյանի դատարանում չէր մասնակցում  իր խափանման միջոցի հարցով դատական նիստերին,Ալումյանն արձագանքեց.

«Մենք կանխատեսում էինք, որ առաջին ատյանի դատարանի դատավորն, անկախ բոլոր փաստարկներից , նյութերից, ապացույցներից, օբյեկտիվ որոշում չի կարող կայացնել, այսինքն դատավարությունն, ըստ էության, ձևական էր, այդ մասին տեղկացրեցինք պարոն Քոչարյանին, և նա որոշեց չմասնակցել դատական նիստերին »,–ասաց պաշտպանը՝ հույս հայտնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանն այս գործով օբյեկտիվ որոշում կկայացնի ։

Ալումյանը նաև հույս հայտնեց, որ պաշտպանական կողմն այսօր կհասցնի ավարտել բողոքների հրապարակումը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18–ին  բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է 2018թ. հուլիսի 27–ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։ Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերանքնիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը։