Երեւանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում տեղի է ունեցել «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականություն» մենագրության շնորհանդեսը: Մենագրության հեղինակն է պատմական գիտությունների դոկտոր, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար եւ խորհրդական Դավիթ Բաբայանը: Մենագրությունը ավելի քան 20 տարվա հետազոտական աշխատանքի արդյունքն է:
«Ջրային պաշարներն ունեն ռազմավարական կարեւոր նշանակություն, սա հրաշալի հասկանում են Հայաստանում եւ Արցախում: Նավթն, իհարկե, լավ բան է: Բայց էներգապաշարները հնարավոր է ինչ-որ բանով փոխարինել, իսկ ջուրը ոչ մի բանով փոխարինել չի կարելի»,- հիշեցրեց Դավիթ Բաբայանը:
Գիրքը հրատարակվել է Մոսկվայում ռուսերենով, հիմա նախապատրաստվում է անգլերեն հրատարակությունը: Մենագրության մեջ ներառված են այնպիսի թեմաներ, ինչպես ժամանակակից մկիջազգային հարաբերություններում հիդրոքաղաքականությունը, ջրի պատճառով կոնֆլիկտները, Արցախի ջրային պաշարները, Նախկին ԼՂԻՄ-ում Բաքվի իշխանությունների հիդրոդեմոգրաֆիական քաղաքականությունը, հիդրոտեռորիզմը, ինչպես նաեւ ապագայում Արցախի եւ Ադրբեջանի փոխշահավետ համագործակցության հնարավորությունը:





























