Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի բնակչության նկատմամբ հիդրոահաբեկչության քաղաքականություն են վարել: Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝  իր «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականություն» մենագրության շնորհանդեսի ժամանակ:  Բաբայանը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից երկար տարիներ իրականացվող  հիդրոդեմոգրաֆիական քաղաքականության արդյունքում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ջրային ռեսուրսների 80 տոկոսը կենտրոնացած է եղել ադրբեջանցիների ձեռքում:

Արդյունքում հայ բնակչությունը զրկված է եղել ոռոգման հնարավորությունից, հետեւաբար, գյուղատնտեսության զարգացումից, տարբեր պատրվակներով հրաժարվել ջրամբարների շինարարությունից: Բացառություն է կազմում Սարսանղի ջրամբարը, սակայն այս պարագայում էլ կենտրոնական իշխանությունները խորամանկության են դիմել՝ ջրամբարի եւ ՀԷԿ-ի կառավարումն իրականացվել է Միրբաշիրից:

«Շատ հետաքրքիր պատմություն է, թե ինչպես է ադրբեջանցիների ձեռքում հայտնվել այն տարածքը, որտեղից սկիզբն են առնում Որոտանը եւ Արփան: Մենք այս տարածքները ԱԽՍՀ-ին փոխանցելու մասին որեւէ փաստաթուղթ չենք գտել», - ասաց Դավիթ Բաբայանը:

Երբ սկսվեց Ղարաբաղի ազատագրական շարժումը, Բաքվի իշխանություններն անգամ հանցագործության դդիմեցին:

«Սկսեցին խմելու ջրի եւ գետերի մեջ մեծ քանակությամբ քլոր լցնել: Արդյունքում Ղարաբաղը, որն աշխարհում հայտնի է իր երկարակյացներով, ուռուցքային հիվանդություններով, տարածաշրջանում երրորդ տեղը զբաղեցրեց», -ասաց Բաբայանը:

Մենագրության հեղինակը ենթադրում է, որ ադրբեջանցիները կարող էին գործել ֆիլտրացման կայանների միջոցով:

Ի դեպ, կայանների աշխատակիցների մեծ մասը ադրբեջանցի  է եղել եւ Ստեփանակերտում չի բնակվել:

80-ականներին բնակչությանը կրեոլինով թունավորելու փորձ է կատարվել:

«Երկու շաբաթ շարունակ Ստեփանակերտի կեսը զրկված էր խմելու ջրից», - ասաց Բաբայանը:

«Այժմ ադրբեջանցիներն ակտիվորեն առաջ են մղում այն գաղափարը, իբր Հայաստանը Քարվաճառում եւ այլ վայրերում ԱԷԿ-ի թափոնների  թաղում է իրականցնում: Իհարկե, դա հիմարություն է, սակայն Ադրբեջանը դրանով բացահայտ ցույց  է տալիս, որ եթե այդ տարածքներն ինչ-որ մի օր նրանց ձեռքում հայտնվեն, ակնթարթորեն հայերի հանցավոր գործունեությունն ապացուցող փաստաթղթեր կստեղծվեն:

Իսկ դա նշանակում է, որ ոչ մի դեպքում չի կարելի  նրանց գետերի ակունքներին մոտ թողնել, որոնք ապահովում են Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը», - ընդգծեց Բաբայանը: