Եկատերինբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսությունում տեղի է ունեցել 30-ամյա Գեւորգ Ավետիսյանի պարգեւատրումը, ով, վտանգելով իր կյանքը, կոտրել էր Դեպուտատսկայա փողոցում այրվող տան ապակին եւ օգնել երեխաներին լուսամուտից դուրս գալ։
Պատվո հյուպատոս Նարեկ Սպարտակյանը, համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը եւ «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցու քահանա Արիստակիս Հովհաննիսյանը նրան շնորհակալական նամակ եւ նվերներ են փոխանցել։
Ինչպես պատմեց Նարեկ Սպարտակյանը, հայկական համայնքում շատ են հպարտանում իրենց հայրենակցով, ով արիություն եւ անվախություն է ցուցաբերել։ «Դա իսկական տղամարդու արարք է, սովորական հասարակ երիտասարդի, ով չվախեցավ եւ, ըստ էության, օրինակ ցույց տվեց ուրիշներին, որ բարդ իրավիճակներում պետք է օգնության ձեռք մեկնել։ Նա իսկական հերոս է, եւ մենք շատ ենք հպարտանում Գեւորգով»,- ասում է նարեկ Սպարտակյանը՝ հայտնում է «Վեչերնիե վեդոմոստի» կայքը։
Գեւորգ Ավետիսյանն ինքը չի համարում, թե հերոսական քայլ է կատարել։ Նրա խոսքերով, հրդեհից հետո ինքը հանդիպել է երեխաների ծնողների հետ եւ իր հասցեին շատ հաճելի խոսքեր լսել։ Նա հուսով է, որ ոչ անտարբեր մարդիկ, քաղաքացիներ կօգնեն ընտանիքին, որ մնացել է անօթեւան եւ առանց հագուստի։ «Նրանց պետք է ամբողջ աշխարհով օգնել»,- առաջարկում է Գեւորգը։
Նշենք, որ Գեւորգն ինքը հինգ երեխաների հայր է՝ նա հինգ հիանալի դուստրեր ունի։ «Իմ երեխաները աղջիկներ են, եւ, իհարկե, թեեւ դժվար է, մտածում ենք վեցերորդի մասին՝ ուզում ենք որդի ունենալ»,- ասում է Գեւորգը։
Հունվարի 28-ին Հայաստանի քաղաքացուն մեծարել էին Ռուսաստանի ԱԻՆ Սվերդլովսկի գլխավոր վարչությունում, որտեղ նրան անտարբերություն չցուցաբերելու, համարձակ եւ վճռական գործողությունների համար շնորհակալական նամակ եւ նվերներ էին փոխանցել։
Հրդեհի ժամանակ Գեւորգն ավտոմեքենայով կնոջ հետ անցնելիս է եղել տան մոտով եւ ծուխ է նկատել։ Կանգ է առել եւ մոտեցել տանը, որն արդեն այրվում էր։ Լուսամուտից նա տեսել է, որ ինչ-որ մեկը թափահարում է ձեռքերն, ու շտապել է օգնության՝ քարով կոտրել է լուսամուտը եւ դուրս հանել երեխաներին՝ երկու 12-ամյա աղջիկներին եւ 10-ամյա տղային։ Երեխաներից ոչ մեկը չի տուժել։





























