Վիթվաթերսրանդյան համալսարանի (ՀԱՀ) գիտնականները պարզել են, որ քարե խրճիթների կուտակումը Յոհանեսբուրգի արվարձանում իրականում խոշոր եւ բարգավաճ մեգապոլիսի մնացորդներ են, որը պատմության էջերից անհետացել է 200 տարի առաջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Science Alert-ին։

Հայտնագործությունը կատարվել է ի հաշիվ LIDAR տեխնոլոգիայի կիրառման, որը թույլ է տվել ստեղծել տարածքի եռաչափ պատկեր ակտիվ օպտիկական համակարգերի օգնությամբ, ինչի արդյունքում վերհանվել է բնակավայրի իսկական պատկերը. սա մեգապոլիս է՝ հարյուրավոր տնային տնտեսություններով եւ զարգացած առեւտրային ցանցով։

Հետազոտողների կարծիքով՝ Քվենենգ քաղաքում ապրել է ցվանա ժողովուրդը, եւ, դատելով 800 տնտեսության առկայությունից՝ նրա բնակչությունը կազմել է ոչ պակաս, քան 10 հազար մարդ։

Հաշվարկների համաձայն՝ Քվենենգը գոյություն է ունեցել XV դարից, XIX դարում բնակիչները լքել են բնակավայրը։ Քաղաքի մակերեսը կազմել է մոտ 10 քառակուսի կիլոմետր, ընդ որում՝ նրա կենտրոնում գտնվել է երկու խոշոր պարսպապատված տեղամաս, որոնք զբաղեցրել են 10 հազար քառ. կիլոմետր, որոնք, գիտնականների կարծիքով, տնային տնտեսություններ են եղել, որոնցում մեծ քանակությամբ անասուններ են եղել։