Ռուսաստանի գլխավոր դատախազությունը 1959 թվականին Ուրալում Իգոր Դյատլովի զբոսաշրջային խմբի զոհվելու փաստով քրեական գործի մասշտաբային ստուգումներ է կատարում, հայտնում է Meduza-ն: 

«Մեր նպատակն է հավաստի ապացույցներով հաստատել գոյություն ունեցող 75 վարկածներից մեկը»,- ասել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը:

Նա նշել է զբոսաշրջիկների զոհվելու 3 առավել հավանական պատճառների մասին՝ ձնահյուսք, ձնե տախտակ, մրրիկ: «Քրեական տարնն ամբողջությամբ բացառվում է: Չկա ոչ մի ապացույց, թեկուզ անուղղակի, որը կվկայեր այս վարկածի օգտին»,- ասել է դատախազության ներկայացուցիչը:

Սվերդլովի մարզի դատախազության աշխատակիցները պատրաստվում են մարտին մեկնել Դյատլովի լեռնանցք՝ պարզելու համար զբոսաշրջիկների զոհվելու պատճառը:

Հիշեցնենք, որ 1959 թվականի փետրվարի 2-ին չպարզված հանգամանքներում զոհվել էր Իգոր Դյատլովի ղեկավարությամբ 9 զբոսաշրջիկից կազմված խումբը, որն Ուրալով դահուկարշավ էր իրականացնում: Վեց մարդ մահացել էր ընդհանուր ցրտահարումից, եւս երեքի մոտ հայտնաբերվել էին ծանր կոտրվածքներ:

Զբոսաշրջիկների զոհվելու փաստով քննությունն անցկացվել է 1959 թվականի փետրվար-մայիսին: Խորհրդային դատախազները նրանց զոհվելու պատճառն էին համարել «տարերային ուժը, որը մարդիկ ի վիճակի չէին հաղթահարել»: Քրեական գործը մինչեւ 1970-ական թվականները գաղտնի էր:

Դյատլովի խմբի զոհվելուց հետո 60 տարում բազմաթիվ գաղտնի վարկածներ են հայտնվել զբոսաշրջիկների զոհվելու պատճառների վերաբերյալ՝ միջուկային փորձարկումներից մինչեւ այլմոլորակայինների հարձակումներ:

Ի հիշատակ զոհված զբոսաշրջիկների լեռնանցքը, որը նրանց զոհվելու վայրից ոչ հեռու է գտնվում, կոչվել է «Դյատլովի լեռնանցք»: