Սպանության հակում ունեցող (գոմիցիդոմանիա) շիզոֆրենիկը կեղծ փաստաթղթերով թերապեւտ է աշխատել Չելյաբինսկի հիվանդանոցում, նրան մերկացրել է հոգեբույժը, որը հանձին նրա ճանաչել է իր նախկին պացիենտին։
32-ամյա Բորիս Կոնդրաշինին ձերբակալել են, նրան մեղադրում են կեղծ փաստաթղթեր ունենալու եւ թմրանյութեր պահելու մեջ (նրա բնակարանում գտել են 200 գրամ թմրախոտ), տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ-ին։
Քննչական կոմիտեն նշում է, որ 2000թ. տղամարդուն նշանակվել է հարկադիր բուժում առանձնակի ծանր հանցագործություն կատարելուց հետո։
Մինչդեռ, ինչպես Ինտերֆաքսին տեղեկացրել է իրազեկ աղբյուրը, Կոնդրաշինին ախտորոշված է եղել շիզոֆրենիա, նա ավելի քան 20 տարի հաշվառված է հոգեբույժի մոտ։
Աղբյուրի տվյալներով՝ Կոնդրաշինը հասցրել է ընդամենը երկու ամիս բժիշկ աշխատել. նա տեղավորվել էր Չելյաբինսկի Լենինյան շրջանի թիվ 11 հիվանդանոցում 2018թ. նոյեմբերի 28-ին եւ արդեն հունվարի 14-ին կալանվել էր։ «Կոնդրաշինը տարբեր բժշկական ֆորումների ակտիվ մասնակից էր, մասնակցում էր տարբեր թեմաների քննարկումներին։ Նման ֆորումներից մեկում նրան ճանաչել է հոգեբույժ բժիշկը, որը նախկինում բուժել էր նրան։ Նա դիմում է ուղարկել դատախազություն սույն փաստի վերաբերյալ»,- պատմել է գործակալության զրուցակիցը։
Դատախազությունը պարզել է, որ Կոնդրաշինը կադրերի բաժին է ներկայացրել կեղծ փաստաթղթեր բարձրագույն բժշկական կրթության մասին եւ որակավորման բարձրացման կեղծ վկայական։
Այդ ժամանակ էլ պարզվել է, որ Կոնդրաշինը հաշվառված է մարզային կլինիկական մասնագիտացված հոգենեւրոլոգիական թիվ 1 հիվանդանոցում։ «Նա տառապում է քրոնիկական հոգեկան խանգարմամբ։ 2012-ից, այն բանից հետո, երբ դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ հարկադիր բուժում էր ստանում, նա գտնվել է հոգեբույժի ակտիվ դիսպանսեր հսկման ներքո»,- բացատրել է գործակալության զրուցակիցը։
Մինչդեռ, Ռուսաստանի թերապեւտների գիտական բժշկական ընկերության կայքում ցայժմ տեղակայված է Կոնդրաշինի քարտը։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Կոնդրաշինն ուղարկվել է հարկադիր բուժման համադասարանցու դաժան սպանության համար։
«Չելյաբինսկայա նեդելյա» թերթը 2000թ. օգոստոսին գրել էր, որ չելյաբինսկցի 16-ամյա դպրոցական Կոնդրաշինը զբաղվում էր սեւ մոգությամբ եւ փորձեր էր կատարում կենդանիների վրա։ 1998թ. մայիսին նա իր տուն է հրավիրում համադասարանցուն, ներարկման միջոցով սպանում նրան, իսկ հետո... «մասնատում դիակը՝ խարտոցով սղոցելով ողերը, հանում է լյարդը... քամում սրտի արյունն արծաթե գավաթի մեջ, մոգական բառեր է ասում եւ խմում այն»։





























