Մեծ Բրիտանիայի փողոցներում գիշերող անտունների քանակը 2010 թվականից ի վեր զգալիորեն աճել է, ինչը չի կարելի փաստել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի մասին, հաղորդում է BBC News-ը:
Ինչպես նշում է պարբերականը, դրա պատճառը նորարարական բանաձեւն է, որը որդեգրվել է պետության կողմից:
«Ցրտաշունչ երեկոյան հայտնվելով Հելսինկիի երկաթուղային կայարանում՝ գրեթե անմիջապես անսովոր երեւույթ ես նկատում. չկա փողոցում գիշերող կամ մուրացիկ գեթ մեկ մարդ»,- գրում է պարբերականը:
Փողոցներում քնապարկերում կամ վրաններում քնած մարդկանցով լի Մեծ Բրիտանիայի գլխավոր քաղաքների միջեւ տարբերությունը պարզապես ապշեցուցիչ է:
«Հիշում եմ, երբ դեռ երեխա էի, այգիներում եւ անտառներում գիշերում էին հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր մարդիկ: Դա ակներեւ էր, սակայն այժմ այդպես չէ: Հելսինկիում անտուններ չկան»,- պարբերականին հայտնել է Հելսինկիի փոխքաղաքապետ Սաննա Վեսինսկայան:
Ինչպես նշում է BBC News-ը, վերջին 30 տարիների ընթացքում անտուն մարդկանց խնդիրը Ֆինլանդիայի կառավարության հիմական խնդիրներից մեկն էր:
1987 թվականին երկրում կար ավելի քան 18 000 անտուն: 2017 թվականի վերջին անտունների թիվը պաշտոնապես կազմում էր շուրջ 6 600 մարդ:
Երկրում, ընդհանուր առմամբ, սեփական բնակարան չունեցող մարդկանց մեծ մասը բնակվում է ընկերների, բարեկամների հետ կամ ժամանակավոր կացարաններում: Նրանցից շատ քչերն են գիշերում փողոցում:



























