Հովարդ Շուլցը, Starbucks սրճարանների ցանցում ավելի քան 30 տարի տնօրեն աշխատելով, դարձրել է այն աշխարհում ամենահայտնի ցանցերից մեկը, սակայն ներկայումս, երբ միլիոնատերը որոշել է միանալ նախագահական մրցարշավին որպես անկախ թեկնածու, ընկերությանն անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել, գրում է AP-ը:
Բանն այն է, գրում է պարբերականը, որ որոշ դեմոկրատներ վախենում են, որ Շուլցը կխլի իրենց ձայների մի մասը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Ընդ որում՝ նա կարող է նաեւ լուրջ մրցակից դառնալ պահպանողականների համար, որոնք կհիշեցնեն, որ ժամանակին նա սատարել էր գեյերի ամուսնությունը կամ կոչ էր արել աշխատանքի ընդունել միգրանտներին:
Շուլցն ընկերությունում աշխատում էր 1986-2000թթ., ինչպես նաեւ 2008-2017թթ., սակայն իր հրաժարականի մասին հայտարարել էր նախորդ տարվա ընթացքում: Նա առ այսօր ընկերության սեփականատերերից մեկն է:
Նշվում է, որ նախագահական ընտրություններում մասնակցելու մասին Շուլցի հայտարարությունից հետո որոշ ամերիկացիներ դադարել են հաճախել Starbucks «միլիարդատերերի օգտին և աշխատողների դեմ հայտարարությունների պատճառով»:



























