Իտալիայի վճռաբեկ դատարանը մերժել է Բրեշիա նահանգի բնակչուհու հայցը, որ նրան ազատել են աշխատանքից Facebook-ով չափազանց հրապուրվելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Կինը, որն աշխատում էր որպես տեղի բժիշկներից մեկի քարտուղար, կես տարվա ընթացքում մուտք է գործել համացանց 6 հազար անգամ, որոնցից 4.5 հազարը Facebook այցելություններն էին, եւ առցանց էր, ինչպես հաղորդվում է, «երբեմն տեւական ժամանակահատվածի ընթացքում»:

Ինչպես գրում է la Repubblica թերթը, աշխատանքից հեռացվելուց հետո քարտուղարը դատական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ դա «անձնական կյանքի ներխուժում է», սակայն նրա հայցը հաջորդաբար մերժել են Բրեշիայի առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները: Նրանց վճիռներում նշված էին կնոջ «գործողությունների լրջության», «նրա կողմից համընդհանուր էթիկան խախտելու» եւ այդ վարքագծով «գործատուի վստահությունը կորցնելու» հանգամանքները:

Դա առաջին որոշումը չէ, որն ընդունվել էր իտալական դատարանի կողմից Facebook-ի կիրառման խախտումների հետ կապված: Հունվարի վերջում Գերագույն դատարանը ճանաչել էր որպես հանցագործություն զուգընկերոջ անձնական էջերը մուտք գործելը, անգամ եթե նա ավելի վաղ տրամադրել էր գաղտնաբառը: Իսկ նախորդ տարվա ապրիլի վերջում օրինական էր ճանաչվել աշխատանքից հեռացնել աշխատակցուհուն, որն իր գրառումներից մեկում վիրավորել էր գործընկերներին եւ իր աշխատավայրը: