HushHush կոմերցիոն հարթակը, որը զբաղվում է լյուքս կարգի ապրանքների վաճառքով, տեղադրել է շքեղ ապրանքի փորձարկիչի տարեկան մոտավորապես հարյուր հազար դոլար աշխատավարձով թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչլով «The Sun» թերթին:
«Մենք փնտրում ենք շքեղ ապրանքատեսակների փորձարկողի, որը կգնահատի դրանք՝ նախքան վաճառքի հանվելը», - ասվում է թափուր հաստիքի նկարագրության մեջ, իսկ որպես նման ապրանքների օրինակներ են բերվում զբոսանավերը, սուպերկարերը եւ մասնավոր ինքնաթիռները:
Հաջող թեկնածուի աշխատավարձը, աշխատանքի պայմանների համաձայն, տարեկան կկազմի 75 հազար ֆունտ (մոտ 98 հազար ԱՄՆ դոլար):
Բացի այդ, աշխատանքային պայմանները ներառում են մասնավոր ճանապարհորդություններ`ստուգելու մասնավոր կղզիները եւ անշարժ գույքն ամբողջ աշխարհում:
HushHush հարթակը, որը ստացել է նաեւ «Amazon՝ միլիոնատերերի համար» անվանումը, ստեղծել է 29-ամյա բրիտանացի Ահարոն Հարփինը: Ըստ նրա, այդ ռեսուրսը ստեղծվել է որպես հարուստ գնորդների համար առաջատար առեւտրային հարթակ:
«Իհարկե, մենք նաեւ ցանկանում ենք, որ մեր հաճախորդներն իմանան, որ յուրաքանչյուր դիրքի որակը մեր կողմից երաշխավորված է։ Այսպիսով, մենք փնտրում ենք ապրանքների փորձարկողի», - նշել է HushHush-ի ստեղծողը:




























