Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) օդի որակը համարել է 2019թ. մարդկության գլխավոր սպառնալիքը։ Վիճակագրության համաձայն՝ Երկրի 10 բնակչից 9-ը ամեն օր շնչում է աղտոտված օդ, որն առաջ է բերում ուռուցքաբանական եւ սրտանոթային հիվանդություններ։ Նոր հետազոտության հեղինակները աղտոտված մթնոլորտի վնասակար ազդեցությունների ցանկին ավելացրել են եւս մեկը՝ «երջանկության ինդեքսի» նվազումը, տեղեկացնում է «Gismeteo»-ն։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական Սիցի Չժենն ԱՄՆ-ի ու Չինաստանի իր գործընկերների հետ միասին վերլուծել է Թվիթերի մոտ 210 միլիոն հաղորդագրություն՝ հրապարակված 2014թ. մարտ-նոյեմբերին չինական 144 խոշոր քաղաքների բնակիչների կողմից։ Ելնելով յուրաքանչյուր տեղեկության հուզական երանգավորումից՝ որոշվել է թվիթի «երջանկության ինդեքսը»։ Հետո այդ տվյալները համադրել են այդ շրջանում մթնոլորտի վիճակի՝ PM2.5 միկրոտարրերի պարունակության մակարդակն արտացոլող տվյալների հետ։
Արդյունքում՝ պարզվել է, որ որքան ավելի շատ է աղտոտված օդը շրջանում, այնքան ավելի ցածր է թվիթների հեղինակների «երջանկության ինդեքսը»։ Օդի որակը հատկապես խիստ է անդրադարձել կանանց տրամադրության վրա։ Բացի այդ, նկատվել են նաեւ այլ հարաբերակցություններ. հանգստյան օրերին թվիթների «երջանկության ինդեքսը» շատ ավելի բարձր է եղել, քան սովորական օրերին, իսկ խիստ շոգերի ժամանակ էապես նվազել է։ Բայց եթե հանգստյան օրերին նկատվել են խնդիրներ օդի հետ կապված, ինդեքսը նվազել է ավելի քան երկու անգամ։




























