Արդեն 58 չվերթ է չեղարկվել Համբուրգի օդանավակայանի վերերկրյա սպասարկման աշխատակիցների գործադուլի պատճառով, տեղեկացրել է օդանավակայանի աշխատակազմը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ գերմանական Verdi արհմիությունը կոչ էր արել Համբուրգի օդանավակայանի վերերկրյա սպասարկման աշխատակիցներին երկուշաբթի օրը 24-ժամյա գործադուլ սկսել։

«Համբուրգի օդանավակայանում վերերկրյա սպասարկման աշխատակիցների գործադուլի հետ կապված՝ ավիաուղիներն այսօր նախատեսված 388-ից արդեն 58 չվերթ են չեղարկել։ Հաջորդ չեղարկումները կամ հետաձգումները բացառված չեն»,- տեղեկացվում է օդանավակայանի Թվիթերում։

Հունվարի 15-ին  Գերմանիայի ութ խոշոր օդանավակայաններում գործադուլ արեցին անվտանգության ծառայության աշխատակիցները։ Բողոքի գործողություններ սկսեցին Մայնի Ֆրանկֆուրտի, Համբուրգի, Մյունխենի, Հաննովերի, Բրեմենի, Լեյպցիգ/Հալլեի, Դրեզդենի եւ Էրֆուրտի օդանավակայանները։ Մինչ այդ նման գործողություններ անցկացրին Բեռլինի, Քյոլն/Բոննի, Դյուսելդորֆի եւ Շտուտգարտի օդանավակայանները, բազմաթիվ չվերթներ չեղարկվեցին եւ հետաձգվեցին ողջ Գերմանիայով մեկ։ Արհմիությունը պահանջում էր բարձրացնել Գերմանիայի օդանավակայանների անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը։

Հունվարի վերջին գերմանական Verdi արհմիությունը եւ ավիացիոն անվտանգության ընկերությունների դաշնային ասոցիացիան (BDLS) բանակցությունների հինգերորդ ռաունդի արդյունքներով ստորագրեցին համաձայնագիր ԳԴՀ օդանավակայանների անվտանգության ծառայությունների մոտ 23 հազար աշխատակցի աշխատավարձերը բարձրացնելու մասին։