Երկամյա երեխային գերությունից ազատելուց հետո փորձաքննությամբ նրա մեզի մեջ հայտնաբերվել է ամֆիտամին պարունակող թմրամիջոց, սակայն իրավապահ մարմինները համաչափ քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի հանցանքն անպատիժ չմնա։ Այս մասին NEWS.am– ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ նշելով, որ իր դժգոհությունն ուղղված է նախաքննության մարմնին։
«Երկու երեխաների առևանգման մասով երեք երկրում՝ Հայաստանում, Ռուսաստանում և Պորտուգալիայում ընթանում է դատական գործընթաց։ Խնդիրը երեխաների մշտական բնակության վայրը որոշելն է, որը ոչ թե ըստ գրանցման վայրի (դա խորհրդային, ավելին՝ ռուսաստանյան մոտեցումն է), այլ՝ ըստ միջավայրի (մանկապարտեզի, ծնողների, ընկերների, հարազատների) պիտի լինի»,– ասաց Ղազարյանը։
Երեխաների իրավունքների պաշտպանության առումով, ըստ փաստաբանի, Հայաստանում խնդիրն առավել «ազգային ավանդական մտածելակերպն» է։ «Եթե քաղաքացիական գործերում առավել հաշվի է առնվում երեխայի լավագույն շահը, ապա քրեականում դեռ բավական կոնսերվատիվ մոտեցում կա»,– ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ ՀՀ օրենսդրության մեջ «Երեխայի օրինական շահը» եզրույթը «Երեխայի լավագույն շահ»–ով փոխարինելը և «Երեխայի լավագույն շահ»–ը որոշելու համար հստակ չափանիշներ սահմանելը բավական մեծ առաջընթաց է. «Սրանով օրենքում շատ մեծ բաց փակվեց, սակայն, ցավոք, այդ օրենքը իրականացնողները դեռ բավական ճանապարհ ունեն անցնելու. գործնական փոփոխությունների դեռ սպասում ենք»։
Ղազարյանի խոսքով՝ երեխայի լավագույն շահն այժմ գնահատում են Տեղական ինքնակառավարման մարմինների՝ թաղապետարանների, գյուղապետարանների աշխատակիցները, որոնք շարունակում են առաջնորդվել «ամեն գնով երեխային ընտանիքում պահելու» մտածելակերպով։ «Բնականաբար, ամեն բան պետք է անել, որ երեխան մեծանա ընտանիքում, սակայն եթե դա նրա անվտանգությանը, զարգացմանը, հիմնարար իրավունքներին հակասում է, ապա երեխային նման ընտանիքից պետք է հեռացնել»,– ասաց փաստաբանը։
Նշենք, որ փաստաբանը բարձրաձայնել է հոր՝ Հովհաննես Պարազյանի կողմից 2018թ․ առևանգված երկու երեխաների խնդիրը։ Երեխաներից մեկը դուրս էր բերվել երկրից, մյուսը՝ երկամյա երեխան, գտնվել էր Հայաստանում և մոր՝ Նիկոլ Պարազյանի ջանքերով հայտնաբերվել հոր բարեկամներից մեկի տանը։ Այնուհետև, մոր նախաձեռնությամբ իրականացվել է լաբորատոր փորձաքննություն և պարզվել, որ երեխային ներարկվել է թմրեցնող նյութ՝ ամենայն հավանականությամբ, քնեցնելու նպատակով։





























