Ոչ մի արտասահմանցի զինվոր Վենեսուելա չի մտնի, պետությունը բանակ ունի, որն ունակ է պաշտպանելու այն, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հավաստիացնում եմ ձեզ՝ Վենեսուելա չի մտնի ոչ մեկը, ոչ մի ագրեսոր-զինվոր, թող գնա այնտեղ, որտեղից եկել է: Մենք մի՞թե Վենեսուելան պաշտպանելու ունակ զինված ուժեր չունենք»,- հայտարարել է Մադուրոն: Նա նշել է, որ պետությունն արդեն համացանցում լուրջ հոգեբանական հարձակման է ենթարկվում:
Երկուշաբթի Մադուրոն հայրենակիցներին հավաստիացրել էր, որ երկիրը չի դառնա ո՛չ արտասահմանյան ինտերվենցիայի զոհը, ո՛չ պետական հեղարշրջման, ո՛չ զինված հակամարտության: Նա նաեւ հաստատել էր կառավարության ծրագրերը ժողովրդական աշխարհազորի կազմավորումների թիվը մինչեւ 2 մլն-ի հասցնելու մասին:




























