ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բազմաթիվ նորմերը պարբերաբար խախտելու համար եւ հայտարարել է, որ պատրաստ է ամբողջ ուժով պայքարել այդ հարթակում իր արտադրանքի համար ռուսական շուկան բաց պահելու նպատակով։ Այս մասին ասվում է ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի՝ ԱՀԿ շրջանակներում Ռուսաստանի պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ԱՀԿ շուկաների բացության կանոններից Ռուսաստանի թափ հավաքող հեռացումը պատնեշներ է դնում ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների արտահանման ճանապարհին... Եթե Միացյալ Նահանգները պարզի, որ Ռուսաստանը գործում է ոչ ԱՀԿ գծով իր պարտավորություններին համապատասխան, ապա կուսումնասիրի ու համապատասխան միջոցներ կձեռնարկի, որպեսզի հարցը լուծի եւ բաց պահի Ռուսաստանի շուկաները ԱՄՆ արտահանման համար»,- ասված է փաստաթղթում։

Ընդ որում՝ փաստաթղթի հեղինակները խոստովանում են, որ Մոսկվայի հետ երկկողմ շփումների կասեցումը 2014թ. Ուկրաինայի իրադարձություններից հետո սահմանափակում է Վաշինգտոնի մտահոգություններն ուղղակիորեն քննարկելու նրանց հնարավորությունները։ Միեւնույն ժամանակ, նրանք պնդում են, որ ամերիկյան դեսպանության հարցապնդումները հանդիպումների վերաբերյալ հաճախ չեն բավարարվում ռուսական կողմից։

«Ապրանքների ներկրումը Ռուսաստան բարդ խնդիր է մնում։ Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետեւել Ռուսաստանի կողմից մաքսատուրքերի գծով պարտավորությունների կատարմանը, բայց մաքսային միջոցները չէ, դատելով ըստ ամենայնի, որ առեւտրի համար ամենամեծ խոչընդոտներն են ստեղծում»,- ասվում է փաստաթղթում։

Մասնավորապես, քննադատության են ենթարկվել  արտադրության տեղայնացման կանոնները, որոշ հարկեր, ֆիտոսանիտար վերահսկողության պահանջները։

Հեղինակները դժգոհում են նաեւ ՌԴ-ից արտահանման կանոններից։

«Ռուսաստանը պահպանում է այսպես կոչված կարեւոր արտադրանքի ցանկ, որը կարող է դառնալ արտահանական սահմանափակումների առարկա»,- գրում են նրանք՝ ավելացնելով, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ԱՀԿ-ում հարկադիր գործողություններ պահանջել։