ԱՄՆ ՌԾՈՒ հրամանատարությունը մտադիր է Ճապոնիայի Կյուսյու կղզում իր Սասեբո բազայում տեղակայել նորագույն դեսանտային America նավը, որը կարող է տանել F-35B ռազմական օդանավեր, Osprey տրանսպորտային կոնվերտոպլաններ եւ մինչեւ 1,7 հազար թվաքանակով ծովային հետեւակի զորակազմ, հայտնել է The Japan News պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Աղբյուրների տեղեկացմամբ՝ America-ն Սասեբո բազայում կփոխարինի Wasp ունիվերսալ դեսանտային նավին: Ենթադրվում է, որ այն ԱՄՆ կուղարկվի պրոֆիլակտիկայի եւ տեխնիկական վերազինման համար:

America  նավի տեղափոխումը, որը 44 հազար տոննա ջրատարողություն, գրեթե 260 մետր երկարություն եւ թեթեւ ավիակրի բնութագրեր ունի, պարբերականի կարծիքով՝ կոչված է Հեռավոր Արեւելքի ջրատարածքում ԱՄՆ ռազմածովային  խմբավորման ամրապնդմանը եւ Չինաստանի վրա ռազմական ճնշման ուժեղացմանը: Վերջին ամբողջ ժամանակաշրջանում Ճապոնիայում բազավորված է ԱՄՆ 7-րդ նավատորմը: Նրա տնօրինության տակ են տարբեր տեսակի մինչեւ 70 նավեր եւ մինչեւ 300 օդանավեր: Սա առաջնադիրքային բազավորման ամերիկյան խոշորագույն նավատորմն է: