Եկատերինբուրգում տեղակայված «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ծախսերն օպտիմալացնելու համար չեղարկել է որոշակի չվերթների էկոնոմ դասում սնունդը, այդ թվում նաեւ Վոլգոգրադ-Երեւան երթուղով,  գրում է «ՍոցԻնֆորմԲյուրոն»:

Ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ այս միջոցը թույլ կտա խուսափել ավիատոմսերի գնի աճից:

«Հիշեցնենք, որ անցյալ տարվա տվյալներով՝ կերոսինի գինը աճել է 30 տոկոսով, իսկ օդանավակայանի ծառայությունները `20 տոկոսով: Այս գործոնները բացասաբար են անդրադառնում տոմսի ընդհանուր արժեքի վրա: Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել գնաճը», - բացատրել են «Ուրալյան ավիաուղիներ»-ում:

Միեւնույն ժամանակ, ավիաընկերությունը պարզաբանել է, որ փոփոխությունները չեն ազդի բոլոր թռիչքների վրա, եւ այդ միջոցառումները ժամանակավոր են՝ մինչեւ մարտի 31-ը:

Մասնավորապես, ուղեւորներին չեն կերակրի էկոնոմ դասում կարճ թռիչքների ժամանակ (ընդհանուր 21 թռիչք), որոնց տեւողությունը  2 ժամից քիչ է: Խոսքը նաեւ Վոլգոգրադից Երեւան չվերթի մասին է:

Հիշեցնենք, որ 2018 թ. նոյեմբերին Վոլգոգրադի օդանավակայանը կանոնավոր չվերթ էր սկսել դեպի Հայաստան: Երեւան կարելի է թռչել երեքշաբթի եւ ուրբաթ: Հակառակ ուղղությամբ թռիչքներնը իրականացվում են  երկուշաբթի եւ ուրբաթ: Թռիչքի տեւողությունը 1 ժամ 45 րոպե է: