Չինական Huawei եւ ZTE հսկաները կհանվեն Չեխիայի մյուս պետական տենդերներից այն բանից հետո, երբ հարկային մարմինները կբացառեն դրանց, ասել է կիբեռանվտանգության չեխական ծառայության (NUKIB) ղեկավար Դուշան Նավրատիլը, տեղեկացնում է Reuters-ը։
Հարկային ծառայությունը դարձել է առաջին չեխական մարմինը, որն արգելել է չինական ընկերություններին մասնակցել տենդերին։
Huawei-ը հայտնվեց միջազգային հետաքննության կենտրոնում՝ կապված Չինաստանի կառավարության հետ առնչությունների ու այն երկյուղների հետ, թե Պեկինը կարող է օգտագործել իր տեխնոլոգիաները լրտեսության համար։
2018թ. վերջին անվտանգության չեխական ծառայությունը նախազգուշացրեց ցանցերի օպերատորներին ծրագրային կամ ապարատային ապահովման օգտագործումից, որոնք մշակվել են չինական երկու ընկերությունների կողմից՝ ասելով, որ դրանք կարող են սպառնալիք ներկայացնել։
NUKIB նախազգուշացումներն ուղղակի արգելք չեն հանդիսանում, բայց պահանջում են, որպեսզի 160 պետական եւ մասնավոր օպերատորները վերլուծեն ռիսկերն ու գործեն համապատասխանաբար։
Չեխիայի կառավարությունը պետք է նոր սերնդի 5G ցանցերի ստեղծման տենդեր հայտարարի գուցե այս տարի, մի փոքր ավելի ուշ։ «5G նոր ցանցերը, ամենայն հավանականությամբ, կփոխարինեն նաեւ ստացիոնար ցանցերին, տվյալների փոխանցումը կլինի թե՛ էժան, թե՛ արագ»,- նշել է Նավրատիլը։ «Այլ խոսքով՝ ով վերահսկի 5G ցանցը, նա էլ կունենա հիմնարար ազդեցություն պետության աշխատանքի վրա։ Եթե դա օտարերկրյա ակտոր է, որը կգործի իր պետության շահերից ելնելով, այլ ոչ թե մեր, դա լուրջ խնդիր կլինի»,- ավելացրել է նա։





























