ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին․ այս մասին NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը մեկնարկել է 8 ամիս առաջ։

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

2018թ. դեկտեմբերի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, իսկ 2019թ. հունվարի 22–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։