Ուկրաինայի բանտում հայազգի երկու դատապարտյալի նկատմամբ վերաբերմունքի իրավաչափության խնդրով ՀՀ դեսպանությունը զբաղվում է, կապի մեջ է իրավապահ մարմինների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Նախնական տեղեկատվության համաձայն, խոշտանգումների վերաբերյալ լուրերը չեն հաստատվում: Ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրենք Ուկրաինայի իշխանություններից պաշտոնական պատասխան ստանալուց հետո։ Եթե հարազատները որևէ փաստ ունեն խոշտանգումների մասին, խնդրում ենք, որ այն տրամադրեն նաև մեզ»,– նշեց նա։

Հայազգի երկու դատապարտյալին ուկրաինական բանտում չորս տարի շարունակ խոշտանգումների ենթարկելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն էլ հարցում է ուղարկել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին, ով նշել է, որ ստուգել է տեղեկությունն ու «ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ տվյալներ» չի հայտնաբերել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաղորդեցին ՀՀ ՄԻՊ–ի գրասենյակից։ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հանգամանքները ստուգելու նպատակով 2018 թվականի օգոստոսի 15-ին այցելել են Սերգեյ Կարապետյանին և Խաչատուր Հովհաննիսյանին: Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի նկատմամբ Ուկրաինայի քրեական հետապնդման մարմինների կողմից ֆիզիկական, հոգեկան կամ այլ ճնշումներ գործադրելու, դաժան վերաբերմունքի կամ այլ ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել»,– նշված է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանում։

Քաղաքական–հասարակական ակտիվիստները, սակայն, շարունակում են տեղեկություններ ստանալ Կանադայի և Լոնդոնի մեր հայրենակիցներից, որ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի նկատմամբ խոշտանգումները շարունակվում են։ Ուկրաինայի դեսպանատան մոտ օրեր առաջ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ազատամարտիկ Վոլոդյա  Ավետիսյանն էր ասել, որ իր տեղեկություններով Ադրբեջանի ղեկավարությունն անձամբ է վերահսկում, որ հայազգի դատապարտյալների նկատմամբ կիրառվի անմարդկային դաժանություն։ «Ադրբեջանի իշխանությունները սովոր են էդ աշխատաոճին. կան մարդիկ, որ աշխատում են բերդերում, բանտերում, նրանց փող են տալիս, կաշառում են, ասում են՝ էդ մարդկանց կամաց–կամաց սպանեք, որպեսզի բերդից ողջ դուրս չգան»,– ասել էր նա։

Ըստ հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Տեր-Եսայանի՝ Լոնդոնի և Կանադայի մեր հայրենակիցները տեղեկություններ են փոխանցել, որ նրանց նկատմամբ էլեկտրաշոկ են կիրառում, հոսանք միացնում ականջներին, ոտքերից են կախում, հեռվից կրակում են նրանց ուղղությամբ և դաժան ծեծի ենթարկում։ 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Խերսոն քաղաքում դատապարտված մեր երկու հայրենակիցներն արդեն 4–րդ տարի է, որ բանտում են։ Նրանք ազատազրկվել են ադրբեջանցու սպանության համար։ Ըստ Սարգիս Տեր-Եսայանի՝ ադրբեջանցիների խմբի հետ մեր հայրենակիցները վիճաբանել են տարիներ առաջ Ջուղայում ադրբեջանցիների կողմից ավերված և ոչնչացված հայկական խաչքարերի ու հուշարձանների թեմայով։ Հայերի հետ համակարծիք են եղել երկու ռուս և մեկ թալիշ երիտասարդներ: Վեճը կռվի է վերածվել, և սպանվել է վեճի մասնակից ադրբեջանցիներից մեկը, ով, Սարգիս Տեր–Եսայանի խոսքով, այդ վեճի կազմակերպիչն է եղել: