ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ առաջին երեք ամիսներին, Թրամփի չորս ուղեւորություններն իր Մար-ա-Լագո կալվածք ամերիկացի հարկատուների համար 14 մլն դոլար են արժեցել: Այս տվյալները ներկայացրել է ԱՄՆ-ի Հաշվիչ պալատը, որը երկրի վարչակազմի ծախսերի մասին զեկույց է հրապարակել, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տվյալների՝ այդ գումարի զգալի մասը՝ 10,6 մլն դոլարը, ծախսվել է նախագահի անվտանգության ապահովման համար: Եվս 3 մլն դոլար ծախսվել է բնակության վճարի եւ այս ուղեւորությունների ընթացքում Թրամփին ուղեկցող վարչակազմի անձանկազմի այլ ծախսերի վրա:
Սպիտակ տունը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս թվերը, սակայն ավելի վաղ վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս նշել էին, որ Թրամփը հանգստի ժամանակ էլ շարունակում է աշխատել:
«Նախագահը նախագահ է մնում՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում: Իր անվտանգության ապահովման արժեքի վերահսկումը նրա հոգսը չէ», - այս մասին մասնավորապես ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Թրամփի քաղաքական հակառակորդները, բացի այլ հարցերից, քննադատում են նրան նաեւ նրա համար, որ նախագահ դառնալով, նա երկար ժամանակ է անցկացնում իր կալվածքներում եւ գոլֆ ակումբներում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր հազվադեպ հեռանալ Սպիտակ տնից, քանի որ «շատ աշխատանք կա անելու»:
«Ես չեմ լինի այնպիսի նախագահ, որը արձակուրդ է գնում եւ արտարձակուրդ վերցնում», - The Hill-ը հիշեցրել է Թրամփի նախընտրական հայտարարություններից մեկը:
Թրամփը գոլֆ ակումբներ ունի ԱՄՆ-ում, Շոտլանդիայում, Իռլանիդայում, ԱՄԷ-ում եւ Ինդոնեզիայում, սակայն ամենից հաճախ նա այցելում է Պալմ Բիչի եւ Բեդմինսթերի (Նյու Ջերսի նահանգ) գոլֆի դաշտեր, ինչպես նաեւ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Պոտոմակ Ֆոլս (Վիրջինիա նահանգ):





























