Սիրիայում Քրակ դը Շեւալիե միջնադարյան ասպետական ամրոցի հսկիչները գաղտնի սենյակ են գտել, որի նկուղներից մեկի մուտքը զմռսված էր։ Գիտնականները փորձում են պարզել ավելի քան տասը քառակուսի մետր մակերեսով շինության նշանակությունը։

Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է թանգարանի հսկիչ Մուհամեդ Հարիրին, սենյակը գտնվել է անցած տարվա հունիսին իրականացված վերականգնողական աշխատանքների ժամանակ։ Մինչ այդ միջնադարյան ամրոցում զինյալներն էին, ովքեր այն զավթել էին 2013թ. եւ դրա նկուղներում պահում էին պատանդներին։ Ի տարբերություն  Պալմիրայի, որը գրեթե լիովին ոչնչացվել էր ահաբեկիչների կողմից, Քրակ դը Շեւալիե ամրոցը այնքան էլ չի տուժել մարտական գործողություններից։ «Երբ մենք մաքրում էինք միջանցքները, պատի մեջ ճեղք տեսանք, իսկ դրա հետեւում՝ մի ինչ-որ տարածություն։ Մենք մաքրեցինք այն եւ հայտնաբերեցինք սենյակ, որի գոյության մասին ոչ ոք չէր կասկածում»,- տեղեկատվական գործակալությանն ասել  է Մուհամեդ Հարիրին։

Ճեղքը մաքրելուց հետո հայտնաբերվել է շինություն, որի քարե հատակին փորված էին խոր ջրհորներ, տեղադրված էր վառարան։ Գիտնականները կարծում են, որ գաղտնի սենյակն օգտագործվել է որպես լվացքատուն կամ գինեգործարան։ Անցաքարերն ուղարկվել են Հունգարիա՝ հետազոտության։