ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսին ուղղված ամենամյա երկրորդ ուղերձի խոսքում The Washington Post թերթը 26 սուտ պնդում է գտել։
Ինչպես պարզաբանում է պարբերականը, Թրամփն արդեն քանիցս կրկնում է սուտ պնդումներ։ WP-ն նշում է, որ ամերիկյան առաջնորդի խոսքում հանդիպում են «չափազանցված փաստեր» եւ ոչ ճիշտ թվեր։
Օրինակ, Թրամփը հաճախ ուռճացնում է իր նախագահության օրոք ստեղծված աշխատատեղերի թիվը՝ դրանք հաշվելով քվեարկության, այլ ոչ թե երդմնակալության օրվանից, գրում է թերթը։
ԱՄՆ նախագահն, օրինակ, հայտարարել է 5,3 մլն նոր աշխատատեղի ստեղծման մասին, բայց աշխատանքային վիճակագրության գրասենյակի տվյալներով՝ 2017թ. հունվարից ստեղծվել է մոտ 4,9 մլն աշխատատեղ։
Բացի այդ, թերթը անճշտություն է գտել աշխատավարձի աճի արագ տեմպի, ՀՆԱ աճի, գործազրկության, էներգետիկայում «հեղափոխության» մասին հայտարարությունում եւ այլ հարցերում։
Ուղերձում Թրամփը նաեւ ասել է, թե ներկայում ԱՄՆ-ում աշխատում է ավելի շատ մարդ, քան երբեւէ, ամերիկյան ողջ պատմության ընթացքում՝ 157 մլն մարդ։
Սա բացարձակ անիմաստ վիճակագրություն է. ԱՄՆ բնակչությունն աճում է, ուստի տրամաբանական է, որ կավելանա զբաղված մարդկանց թիվը, բացատրում է պարբերականը, տեղեկացնում է Gazeta-ն։





























