Ստամբուլի անչափահասների 2-րդ դատարանում սկսված Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության ժամանակ մարդասպան Օգյունը Սամասթը պահանջել է դատարանից հեռացնել լրագրողներին։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  դատավարության սկզբում Դինքին սպանող Օգյուն Սամասթ դատարանից պահանջել է հեռացնել դատարանում գտնվող լրագրողներին եւ նիստը փակ անցկացնել։ Դատարանը որոշում է կայացրել, որով թույլատրվել է լրագրողներին,  Հրանտի կնոջը, աղջիկներին, որդուն եւ եղբայրներին մասնակցել դատական լսումներին։

Դատարանի նախագահ Ջելալ Ունալը ընթերցել է մեղադրական զեկույցի կարճ տարբերակը, որից հետո ձայն է տրվել Օգյուն Սամասթին։ Վերջինս, սակայն, նշել է, թե ինքը չի փոձելու նոր պաշտպանական ճառ ասել, քանի որ ուժի մեջ է  4 տարի առաջ ասված իր ճառը։ «Ինձ այն ժամանակ խաչաձեւ հարցաքննել են»,-ասել է Դինքի մարդասպանը։

Դատական նիստն ընդմիջվել է, որից հետո դատարանի հարցերին պատասխանելու են 5 վկաները։

Նշենք, որ Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝  նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել է, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։