Իսպանիայի իրավապահ մարմինները 3,3 տոննա կոկաին են բռնագրավել եւ կանխել են Հարավային Ամերիկայից երկիր թմրանյութեր ներկրող հանցավոր խմբավորման գործունեությունը: Այս մասին նշվում է Իսպանիայի ոստիկանության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ նավը, որով կոկաին է տեղափոխվել, հունվարի 30-ի առավոտյան երկրի ափերից քիչ հեռու կասեցվել է Պորտուգալիայի անվտանգության ուժերի կողմից: Նավը ուղեկցել են Սետուբուլ քաղաքի նավահանգիստ, որտեղ այն արդեն սպասել են հետաքննությամբ զբաղվող Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները:

Գործողության ընթացքում ձերբակալվել է 11 մարդ,  որոնց թվում եղել է Ուկրաինայի 8 քաղաքացի, մեկ վրացի, հոլանդացի եւ ֆրանսիացի: Նշվում է, որ գործողությունը սկսվել է 2017-ի նոյեմբերին  թմրանյութերի դեմ պայքարի ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակումից հետո:

Քննիչներին հայտնի է դարձել միջազգային կազմակերպության մասին, որը օվկիանոսով թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է տեղափոխել: