ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
Ըստ նրա՝ հերթերը պայմանավորված են Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով: «Ոստիկանությունը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի մեկ իրավաստեղծ և մեկ կազմակերպչական բնույթի առաջարկություն»,-գրել է նա, ապա ներկայացրել, թե ինչ է առաջարկվելու:
«Առաջարկվելու է՝
1. այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցի տվյալներն առկա են գրանցման-քննական ստորաբաժանման էլեկտրոնային ռեգիստրում, ապա տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններն իրականացնել առանց տրանսպորտային միջոցը ստորաբաժանում ներկայացնելու պահանջ քաղաքացուն ներկայացնելու.
2. ծրագրային -տեխնիկական հնարավորություն ստեղծել գործարքի կողմերի համար գործարքն իրականացնել համացանցում՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու: Համապատասխան օրինագիծը ուղարկվել է կառավարություն, ծրագրային աշխատանքներն ընթանում են:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվարի 29-ից Ճանապարհային ոստիկանությունում գործարկվել է տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման և վարորդական վկայականների հատկացման նոր սերվերային համակարգ, որը գործարքների արագությունն ավելացրել է մոտ 35 անգամ: Սրա շնորհիվ օրվա մեջ 15-00-ից հետո հերթեր չկան»:





























