«Կամք» նախաձեռնության համակարգող, «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահ Վահագն Չախալյանը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ ոստիկանությունն իրեն է փնտրում։ NEWS.am–ի հետ զրույցում, անդրադառնալով էլիտար շենքեր կառուցող ՍՊԸ-ի փոխտնօրենին ծեծելու մասին լուրը նա որակեց, որպես իր դեմ ուղղված սադրանք։

«Թեթեւ միջադեպ է եղել»,–ասաց նա՝ նշելով, որ կատարվածի առնչությամբ առաջիկայում հայտարարություն կտարածի։

 Չախալյանը նշեց, որ այս պահին գտնվում է  Երեւանում՝ «Հայկական արժեքների պաշտպանության գրասենյակում» եւ պատրաստվում է 26–ին կայանալիք «Համահայկական հանրահավաք»–քայլերթին։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 19-ին, ժամը 12։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել 45-ամյա Գուրգեն Մ.-ի եւ մեկ այլ քաղաքացու միջեւ, ինչի հետեւանքով Գուրգեն Մ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։

Կայքի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ Գուրգեն Մ.-ի հետ վիճաբանել եւ նրան մարմնական վնասվածքներ է պատճառել Վահագն Չախալյանը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ. Չախալյանին հայտնաբերելու ուղղությամբ։

ղբյուրի տեղեկություններով՝ Գուրգեն Մ.-ն աշխատում է «Եռանավ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, ով զբաղվում է էլիտար շենքեր կառուցելով, իսկ Վ. Չախալյանը հանրությանը հայտնի «Կամք» նախաձեռնության համակարգողն է։