Վրացական «Ցխինվալի» ֆուտբոլային ակումբի 5 խաղացողներ գողության մեղադրանքով ձերբակալվել են Թուրքիայի հանգստավայրային Բելեք քաղաքում, հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղական Malatya Güncel պարբերականը:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք Բելեքից 33 կմ հեռավորությամբ գտնվող Անթալիայի առեւտրի կենտրոնում մարզահագուստ են գողացել, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Նշվում է, որ խանութի խորհրդատուն կորուստը երեկոյան է նկատել, երբ առեւտրի կենտրոնը փակվում էր: Գողացվել էին մարզակոշիկներ, կիսատաբատներ, տաբատներ եւ նման այլ 10 իրեր:

Չարագործներին նույնականացրել են տեսահսկման սարքերի նկարահանումներով: Գրանցվել է նաեւ ավտոմեքենան, որով նրանք տեղաշարժվել են:

Նույն երեկոյան ոստիկանները վրացի ֆուտբոլիստներին ձերբակալել են 5-աստղանի հյուրանոցում, որտեղ նրանք բնակվում էին:

Հայտնի է, որ մարզիկները Թուրքիա էին ժամանել ձմեռային հավաքների: «Ցխինվալի» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցածի վերաբերյալ առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն կատարել:

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբից բացատրություն է պահանջել՝ նշելով, որ ցանկացած անօրինական գործողություն «բացասաբար է ազդում ոչ միայն վրացական ֆուտբոլի, այլեւ երկրի հեղինակության վրա»:

«Նշված տեղեկությունը հաստատվելու դեպքում, «Ցխինվալի» ֆուտբոլային ակումբին կոչ ենք անում իր լիազորությունների շրջանակում իրավախախտների նկատմամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել»,- նշված է հայտարարության մեջ: