ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային մեղավոր է ճանաչել ամերիկացի 22-ամյա Օտո Վոմբիերի մահվան մեջ, հայտնում է Life-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առաջնորդի Twitter-յան գրառումը:

«Բնականաբար, ես Հյուսիսային Կորեային եմ պատասխանատու համարում Օտոյի նկատմամբ վատ վերաբերմունքի եւ նրա մահվան համար: Գլխավորն այն է, որ Օտո Վոմբիերը զուր չի զոհվել: Նա եւ նրա ընտանիքը դարձել են մեծագույն սիրո եւ ուժի վիթխարի խորհրդանիշ»,- նշել է Թրամփը:

Ընդ որում՝ ԱՄՆ նախագահը մեկ բառով իսկ չի ակնարկել միջադեպին իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի մասնակցության մասին:

Նախկինում Թրամփը հայտարարում էր, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը տեղյակ չէր ամերիկահպատակի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, որը մահացել էր բանտից ազատվելուց հետո:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Հյուսիսային Կորեայի իշխանությունները Օտո Վոմբիերին 15 տարվա բանտարկության էին դատապարտել Հյուսիսային Կորեայում քարոզչական պաստառ գողանալու եւ երկրից դուրս բերելու փորձի համար: Ուսանողին հայրենիք էին վերադարձրել մեկ տարի հետո կոմայի մեջ: Մի քանի օր անց 22-ամյա Վոմբիերը մահացել էր: Ավելի ուշ ուսանողի ազգականները դատարանով Հյուսիսային Կորեային պարտավորեցրել էին իրենց 500 մլն դոկար վճարել: