Ֆրեզնոյի բնակիչ, ամերիկահայ Նազիկ Կոտչոլոսյան-Մեսերլյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է դիմել բաց նամակով՝ նրան հարցնելով, թե երբ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Fresno Bee կայքում հրապարակված իր նամակում հայուհին նշել է, որ Թրամփն ազգին հղած իր ուղերձում հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստը վերապրած 81-ամյա հրեային: «Այդուհանդերձ, պարոն նախագահ, դուք եւ ձեր նախորդները տարիներ շարունակ Թուրքիային թույլ եք տվել խոսել հետեւանքների վերաբերյալ անհեթեթ սպառնալիքների մասին, թույլ եք տվել կաշառքի փողերի հոսքը: Ուժեղ Միացյալ Նահանգները խայտառակ խաղ է խաղում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Իսրայելը նույնպես լռում է:
«2019 թվականի ապրիլի 24-ին կհիշեն Ցեղասպանության զոհերին եւ հարգանքի տուրք կմատուցեն նրանց, ովքեր վերապրել են, եթե այդպիսիք կան, ճիշտ այնպես, ինչպես դուք ազգին հղած ձեր ուղերձում հարգանքի տուրք մատուցեցիք Հոլոքոստը վերապրած 81-ամյա հրեային: Ես հույս ունեմ, որ ապրիլի 24-ին մենք ականատես կլինենք ձեր եւ ձեր վարչակազմի բարոյական քաղաքավարության, խիզախության, անկողմնակալության եւ արդարության նոր առաջնորդությանը»,- նշված է նամակում:





























