ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Բայբուրդյանին արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Վահանի Բայբուրդյանին շնորհել արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,– ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Արմեն Բայբուրդյանը մինչեւ 2008 թվականը ՀՀ արտաքին գործերի փոխնախարարն էր, ԵՄ-ի հետ գլխավոր բանակցող, սակայն ներքաղաքական գործընթացների հետ կապված, այսպես կոչված, «Դեսպանների ուղերձը» ստորագրելու համար ազատվել էր աշխատանքից եւ զրկվել դիվանագիտական աստիճանից:





























