Շաբաթ Բելգրադի փողոցներում զանգվածային ցույցի մասնակիցները փակցրել էին պաստառներ նախագահ, իշխող Սերբիայի առաջադեմ կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Վուչիչի մեջբերումներով, որոնք նրանք համարում են «սուտ խոստումներ», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Սերբիայում բողոքի ցույցերը տեղի են ունենում ամեն շաբաթ՝ սկսած դեկտեմբերից: Պատճառը՝ «Լեւիցա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բորիսլավ Ստեֆանովիչի եւ նրա երկու գործընկերների վրա հարձակումն էր Կրուշեվից քաղաքում նոյեմբերի 23-ին, որի ընթացքում Ստեֆանովիչը ստացել էր գլխի վնասվածք: Այնուհետեւ ՆԳՆ-ը հայտնել էր կասկածյալներին բերման ենթարկելու մասին, սակայն ընդդիմությունը մեղադրել էր իշխանություններին քաղաքական բռնության մեջ: Ցուցարարների կարգախոսն է «5 միլիոնից մեկը», որն ի հայտ է եկել նախագահ Ալեքսանդր Վուչիչի մեկնաբանությունից հետո, որը հայտարարել էր, որ չի կատարի ցուցարարների պահանջները, եթե անգամ «նրանք դառնան 5 միլիոն»:

Շաբաթ Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մոտ հավաքվածների առջեւ ելույթ էր ունեցել անկախ պատգամավոր Մարինիկա Թեպիչը, որն ուղերձով դիմել էր Վուչիչին:

«Մենք կանգ չենք առնի, քանի որ դու նվաստացնում ես մեզ ամեն օր, վիրավորում մեր ինտելեկտը, արժանապատվությունը, ոտնահարում իրավունքները, եւ յուրաքանչյուրից խլում ինչ-որ բան՝ ծերերից՝ կենսաթոշակը, երիտասարդներից՝ հեռանկարները: Կենսաթոշակառուներն այսօր ստիպված են դեղորայք գնել մեկական բլիստերով, իսկ ծնողները տակդիրները գնում են հատով, մինչդեռ դու նրանց պատմում ես, որ նրանք ապրում են ավելի լավ, քան երբեւէ»,-հայտարարել է նա բեռնատարի վրա ինքնաշեն բեմից:

Այնուհետեւ ցուցարարները քայլերթ են կազմակերպել քաղաքի կենտրոնում եւ անցել Թերազիե հրապարակի թունելով, որն անցած շաբաթ անվանել էին «ստի թունել». նրանք փակցրել են այնտեղ թերթիկներ՝ երկրի նախագահին ուղղված քննադատություններով: Այս անգամ նրանք պատրաստել էին թերթիկներ Վուչիչի մեջբերումներով, սակայն թունելի պատերը ծածկված էին նյութով, որն ալգելք էր ստեղծել սոսնձելու համար: Այդ պատճառով ակցիայի մասնակիցները փակցրել էին նախագահի «սուտ խոստումները» մոտակա փողոցներում: