Ըստ էլեկտրոնային քվեարկության՝ Էստոնիայում խորհրդարանական ընտրությունների հաղթողը ընդդիմադիր Ռեֆորմների կուսակցությունն է, հաղորդում է Sputnik-Էստոնիա-ն:

Ըստ հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ռեֆորմիստներին հաջողվել է հավաքել Համացանցի միջոցով 98 736 ձայն: Անսպասելի էր Պահպանողական ժողովրդական կուսակցության (EKRE) զբաղեցրած երկրորդ տեղը՝ 33 306 ձայնով, երրորդ տեղում է «Իսամաա»-ն՝ 31 022 ձայներով:

Ռեֆորմների կուսակցության հիմնական մրցակիցը՝ երկրում իշխող Կենտրոնամետ կուսակցությունը, էլ-քվեարկության ընթացքում կարողացել է հավաքել 28 826 ձայն՝ զբաղեցնելով համապատասխանաբար չորրորդ տեղը:

Էստոնիայում էլեկտրոնային քվեարկությունն ընթանում էր փետրվարի 21-27-ը: Դրան մասնակցել է 247 232 մարդ:

Ինչպես գրում էր Sputnik-Էստոնիա-ն, մարտի 3-ին Էստոնիայում ավարտվել են հերթական խորհրդարանական ընտրությունները: Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 20:00-ին. այժմ ընթանում է ձայների հաշվարկը: Խորհրդարանում 101 տեղի համար պայքարում էր 1099 թեկնածու: