Ճապոնիայի ապագա կայսր Նարուհիտոն, որը երկու ամիս հետո կփոխարինի ներկայիս միապետ Ակիհիտոյին նրա հրաժարականից հետո, երկրի բնակիչներին առաջին անգամ կողջունի մայիսի 4-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NHK-ին։
Կայսերական արքունիքի գործերի վարչությունը սկզբում նախատեսում էր միջոցառումն անցկացնել հոկտեմբերի վերջին։ Բայց քանի որ ապրիլի վերջին-մայիսի սկզբին ճապոնացիները միանգամից տասը հանգստյան օր կունենան իրար հետեւից, որոշվել է այդ իրադարձությունն առաջ բերել եւ հարմարեցնել բոլորին հարմար օրվա, անմիջապես Նարուհիտոյի գահ բարձրանալուց հետո։
Նման միջոցառումները սովորաբար անցկացվում են կայսեր ծննդյան օրը կամ Նոր տարուն, կայսերական պալատում։ Ավանդույթի համաձայն՝ միապետը եւ նրա ընտանիքի անդամները ողջունում են իրենց հպատակներին փակ, զրահապատ ապակով պատշգամբից, օրվա ընթացքում։ Կայսերը տեսնելու համար պալատ են գալիս տասնյակ հազարավոր ճապոնացիներ։
Անցած տարվա դեկտեմբերին Ճապոնիայի կառավարությունը վերջնականապես հաստատեց կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարվելու ժամկետը։ Համաձայն հավանության արժանացած պլանի՝ դա տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 30-ին, իսկ հաջորդ օրը գահ կբարձրանա թագաժառանգ Նարուհիտոն։
Մինչ այդ իրավաբանական նորմերը չէին նախատեսում գահից կայսեր հրաժարում կենդանության օրոք։ Բայց Ակիհիտոն անցած տարվա օգոստոսին ազգին դիմումի մեջ ցանկություն էր հայտնել գահից հրաժարվել առաջացած տարիքի պատճառով՝ դա ուղղակիորեն չնշելով։ Այդ տարվա ամռանը երկարատեւ համաձայնեցումից հետո ընդունվեց հատուկ օրենք, որը թույլ էր տալիս կայսրին հրաժարվել իշխանությունից։ Ընդ որում՝ փաստաթուղթը գործում է երեք տարի եւ հաշվարկված է միայն գործող միապետի համար։




























