ԱՄՆ-ը Վաշինգտոնում Եվրամիության ներկայացուցչությանը վերադարձրել է բարձրագույն դիվանագիտական կարգավիճակը՝ նորից նրան միջազգային կազմակերպության կարգավիճակից բարձրացնելով անդամ պետության մակարդակի։ ԵՄ առաքելության կարգավիճակի անհապաղ վերականգնման մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդը։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ-ը նորից ճանաչում է Վաշինգտոնում Եվրամիության ներկայացուցչությունը որպես երկկողմ առաքելություն»,- գրել է նա, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։

Սոնդլանդն ընդգծել է, որ Եվրամիությունը «Ամերիկայի ամեաարժեքավոր գործընկերներից է ամբողջ աշխարհում անվտանգության եւ բարեկեցության ապահովման գործում»։

Վաշինգտոնի որոշումը ԵՄ առաքելության դիվանագիտական կարգավիճակի վերականգնման մասին ընդունվել է Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ կարեւոր առեւտրային բանակցությունների սկսվելուց մի քանի օր առաջ։ Առեւտրի գծով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը եւ ԱՄՆ աշխատակազմի առեւտրի գծով լիազոր Ռոբերտ Լայթհայզերը մարտի 6-ին կքննարկեն այն հարցը, թե ինչպես կանխեն Վաշինգտոնի կողմից  մաքսատուրքերի գծով տուգանքների գանձումը Եվրամիությունից ներկրվող ավտոմեքենաների համար։

ԱՄՆ-ը 2018 թվականի վերջին իջեցրել էր Վաշինգտոնում ԵՄ ներկայացուցչության կարգավիճակը մինչեւ միջազգային կազմակերպության մակարդակի՝ անգամ այդ մասին չիրազեկելով Բրյուսելին։ Բրյուսելը բողոք էր արտահայտել այդ որոշման դեմ եւ մտադրություն հայտնել՝ բանակցություններ սկսել ԱՄՆ աշխատակազմի հետ՝ Վաշինգտոնում իր առաքելության լիակատար դիվանագիտական կարգավիճակի վերականգնման մասին։ Միջազգային կազմակերպության կարգավիճակը, համաձայն դիվանագիտական ընթացակարգի դեսպանության կարգավիճակից ցածր է։