ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը սկսել է Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավին, ինչպես նաեւ նրա բիզնեսին վերաբերող հետաքննությունը՝ հայտնում է CNN-ը։

Հանձնաժողովը 81 նամակ է ուղարկել մասնավոր անձանց եւ կազմակերպությունների, այդ թվում՝ Սպիտակ տանը, արդարադատության նախարարությանը, Թրամփի նախընտրական քարոզարշավի աշխատակիցներին՝ պահանջելով երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել հետաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց համար հայտ է ներկայացվել։ Հրաժարվելու դեպքում հանձնաժողովը կարող է պահանջել, որ նրանք Կոնգրեսում ցուցմունք տան։

CNN-ը հայտնում է, որ հետաքննության ընթացքում կուսումնասիրվեն այնպիսի հարցեր, ինչպես արդարադատությանը խոչընդոտելը, Ռուսաստանի հետ «գործարք» կնքելը եւ իրավասությունների չարաշահումը։ Ստացված տեղեկությունը կարող է օգտագործվել իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։