Ճապոնիայի իշխանությունները մտադիր են լիովին արգելել անօդաչու թռչող սարքերի թռիչքները ԱՄՆ ռազմակայանների, ինչպես նաեւ ճապոնական Ինքնապաշտպանության ուժերի տեղակայման վայրերում։ Համապատասխան օրինագիծն ընդունվել է երեքշաբթի, երկրի կառավարության կողմից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այժմ օրինագիծը կուղարկվի խորհրդարան՝ քննարկման, որտեղ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը երկու պալատներում մեծամասնություն ունի։ Դրա գործողության տակ կընկնեն նաեւ սպորտային օբյեկտները։ Սպասվում է, որ օրինագիծը հավանության կարժանանա առաջիկայում եւ ուժի մեջ կմտնի ռեգբիի աշխարհի առաջնությունից առաջ, որը տեղի է ունենալու աշնանը Ճապոնիայում։

Կառավարությունը անհրաժեշտ է համարում արգելել անօդաչու սարքերի թռիչքները ռազմակայանների եւ սպորտային շինությունների վրայով՝ 300 մետր շառավղով։ Այժմ նման կանոններ գործում են մի շարք շինությունների նկատմամբ, որոնք պետական նշանակություն ունեն։ Դրանց թվում են երկրի վարչապետի գրասենյակը, խորհրդարանի շենքը եւ կայսեր պալատը։ Խախտման համար նախատեսվում է 500 հազար իեն (մոտ 4,5 հազար դոլար) տուգանք կամ մեկ տարի բանտարկություն։

Նոր լրացումների դեմ հանդես է եկել Հրատարակիչների եւ թերթերի գլխավոր խմբագիրների ճապոնական ասոցիացիան։ Վերջինը կարծում է, որ լրացուցիչ միջոցները կհանգեցնեն լրագրողական գործունեության  լուրջ սահմանափակումների։

Օրենսդրության խստացումը անօդաչուների հանդեպ Ճապոնիայում սկսվել է այն բանից հետո, երբ 2015 թվականին կառավարության ղեկավարի գրասենյակի տանիքին պատահմամբ հայտնաբերվեց այնտեղ թռած կվադրոկոպտեր՝ ծխապայթուցիկով եւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից թույլ ռադիոակտիվ նյութի պարկուճով։