Հնդկաստանի բանակը հայտարարել է, որ Պակիստանի զինված ուժերը երեքշաբթի ցերեկը խախտել են հրադադարի ռեժիմը վիճելի Քաշմիր շրջանում՝ գնդակոծելով հնդկական զինվորականների դիրքերը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Դեւենդեր Անանդի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 11.30-ին։ «Պակիստանը ոչնչով չհրահրված կրակ է բացել ականանետերից եւ հրազենային զենքից Նուշերի շրջանում (Ջամու եւ Քաշմիր նահանգ)։ Հնդկական բանակը վճռական եւ գործուն պատասխան է տվել»,- տեղեկացրել է Անանդը լրագրողներին։
Հնարավոր զոհերի եւ տուժածների մասին տվյալներ հնդկական կողմը չի ներկայացնում։
Վերջին ժամանակներս իրավիճակը Քաշմիրում (տարածաշրջան, որին հավակնում են Հնդկաստանը եւ Պակիստանը) էապես սրվել է։ Պատճառը մահապարտի գրոհն էր, որը փետրվարի 14-ին իրեն պայթեցրել էր ռազմականացված ոստիկանական շարասյան կողքին հնդկական Ջամու եւ Քաշմիր նահանգում։ Այդ օրը ահաբեկչության զոհ է դարձել 45 մարդ։




























